Posted in Մայրենի

Երկրագործական ընթերցարան

Մշակներ

Մշակնե´րն են իմ գյուղիս, դաշտի հզո´ր զավակներ,
Քրտինքներով մարգարտյա բնության թա´գն են հյուսեր:
Կբաբախե սիրտն հողին իրենց բրդոտ կրծքին տակ,
Ու իրենց լայն երակին մեջ կհորդի արեգակ:
Երբ որ քալեն` մայր երկիրն իր արգանդեն կսարսռա.
Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հսկա:
Գլուխն իրենց, զոր կհակեն առջևը սուրբ խորանին,
Պսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին:
Ակոսներուն մեջ անոնա խինդ կցանեն, և Աստված
Իրենց ճակտին ակոսեն բարություններ կհնձե:
Ավիշներու հոսուն երգն անոնք միայն են լսած:
Եզին շողիքն ի´նչ փույթ, թե իրենց ձեռքերը կօծե,
Եվ ախոռի հետ կուգա իրենց նախշուն լոդիկեն.-
Նախ անոնց լայն ափին մեջ կծլին սերմերն համորեն:

Իմ պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Ցան

Սերմանողն է: Հաղթահասակ կը կանգնի
Մայրամուտին շողերուն մեջ ոսկեթույր:
Ոտքին առջև անդաստաններն հայրենի
Կը տարածեն մերկություննին անպարույր:

Լի է ամբողջ ցորեններով աստղահատ
Խորունկ գոգնոցն: Հարկերն հերվան՝ ծարավի՝
Կը սպասեն իր լայնշի բուռին, և բուռն այդ
Արտերուն վրա՝ զերդ արշալույս՝ կը բացվի:

Մըշա՛կ, ցանե՜. հանուն տանդ սեղանին
Թևիդ շարժումն անպարագի՛ծ թող ըլլա.
Վաղ՝ նետած ցորեններդ այդ կը թափին
Օրհնության պես թոռնիկներուդ գլխին վրա:

Մըշա՛կ, ցանե՜. Հանուն նոթի թըշվառին
Թող գոգնոցեդ կես չելլե ափըդ բնավ.
Աղքատ մ’այսօր ճըրագին մեջ տաճարին
Վաղվան հունձքիդ համար վերջին ձեթը դրավ:

Leave a comment