Posted in Հայրենագիտություն

Էրեբունի ամրոց,Էրեբունի թանգարան,Էրեբունի վարչական շրջան

Էրեբունի ամրոց

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի): Այսօր արդեն 2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ հնագիտական հուշարձանն է Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում։

Էրեբունի ամրոցը, չնայած հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հանրապետական նշանակության հուշարձան, գտնվում է անմխիթար վիճակում: Ամրոցի պարսպի և շինությունների որոշ հատվածներ վերջին տարիներին փլուզվել կամ քայքայվել են:

Էրեբունի թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը:

Էրեբունի վարչական շրջան

Էրեբունի շրջան, շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ընդգրկում է քաղաքի հարավարևելյան հատվածը՝ զբաղեցնելով 4880 հա տարածք:



Սահմանակից է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերին։ Համաձայն 2015 թվականի վիճակագրական տվյալների՝ շրջանն ունի 126.100 բնակիչ։

Էրեբունին ունի 48 կմ² տարածք (Երևանի քաղաքի ընդհանուր տարածքի 21.52 %-ը), որից 29 կմ² զբաղեցնում են բնակելի կամ առևտրային շենքեր, շինությունները: Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է: Այն ոչ ֆորմալ կերպով բաժանվում է փոքր շրջանների, ինչպիսիք են Էրեբունի թաղամասը, Նոր Արեշը, Սարթաղը, Վարդաշենը, Մուշավանը, Վերին Ջրաշենը և Նոր Բուտանիան: Սասունցի Դավիթ հրապարակը մետրոյի կայարանի հետ միասին կազմում է թաղամասի հիմքը: Թաղամասի հիմնական փողոցներն են՝ Էրեբունի փողոցը, Սասունցի Դավիթ փողոցը, Ազատամարտիկների փողցը, Իվան Այվազովսկու փողոցը, Դավիթ Բեկ փողոցը, Արին Բերդ փողոցը, Արցախի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը։

Էրեբունին Երևանի խոշոր արդյունաբերական թաղամասն է` մեծ գործարաններով:

Երևանի կենտրոնական գերեզմանատունը, ինչպես նաև ռազմական գերեզմանատունը գտնվում են Էրեբունի թաղամասում:

Թաղամասի բնակչության տրանսպորտային կարիքները բավարարելու համար նախատեսված է Սասունցի Դավիթ մետրոյի կայարանը, իսկ Երևանի երկաթուղային կայարանը գտնվում է շրջանի Սասունցի Դավիթ հրապարակում: Էրեբունում գտնվում է նաև Երևանի կենտրոնական բանտը, որը հայտնի է որպես «Էրեբունի քրեակատարողական հիմնարկ»:

Leave a comment