


Հրազդան գետ
Հրազդան, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում։Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)։Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի։Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։
Գետամեջ գյուղ
Գետամեջ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին[2]։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։
Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։
Գյուղի բնակիչները մեծ մասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և դաշտավարությամբ։
Գետամեջում գործում է ավագ դպրոց (72 աշակերտով), գրադարան։
Նոր Հաճն քաղաք
Նոր Հաճն, երբեմն՝ Նոր Հաճըն, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք։
Հիմնադրվել է 1953 թվականի փետրվարի 26-ին որպես Արզնի ՀԷԿ-ին կից բանվորական ավան։ Գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1973 թվականին Նոր Հաճնում կանգնեցվում է Հաճն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճնը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճնեցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան։
Առինջ գյուղ
Առինջ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևմուտք, Երևան-Սևան խճուղուց աջ։ Գյուղը հիշատակվում է 15-16-րդ դարերում։
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։
Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքը, Առնջուց վանքի ավերակները, հին գերեզմանոցը, որն ունի քանդակազարդ խաչքարեր։
Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդապարսպի ստորին քարերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են միմյանց փաթաթված երկու վիշապ (1501 թ-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը՝ Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ։
Լևոնի քարանձավ
Լևոնի աստվածային գետնափոր, հայտնի է նաև որպես «Լևոնի քարանձավ», «Լևոնի աստվածային գետնափոր թանգարան» կամ «Տոսյայի փոս», հիմնադրվել է 1985 թվականին, հիմնադիրն է Լևոն Առաքելյանը։ Գետնափոր-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Գետնափորի խորությունը 21 մետր է, 7 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով։ Լևոնի մահից հետո թանգարանի այցելուներին դիմավորում է Լևոնի կինը` տիկին Տոսյան։