Posted in Մայրենի

Հազարան հավքը

Արեգը մութ աշխարհում

Լուրը տանք մեր Արեգից: Արեգը հորն ընկավ, տեսավ` ի¯նչ հոր` մի ահագին խավար անդունդ, մի մո¯ւթ աշխարհք: Մոլորված առաջ էր գնում« հանկարծ տեսավ մի ահագին վիշապ օձ փաթաթվել է ծառի բնին, ուզում է բարձրանալ վերև, իսկ էնտեղ անմեղ, անփետուր արծվի ձագերը զարհուրած ճվճվում են: Արեգը էլ ժամանակ չտվեց. սուրը հանեց, հարձակվեց: Կտոր-կտոր արեց դաժան վիշապին, կուտակեց ծառի տակ ու ինքը հոգնած պառկեց, որ մի քիչ քնի: Հանկարծ ֆշշոցն աշխարհքը բռնեց, անդունդները որոտացին, հզոր հողմ բարձրացավ.
էդ Զմրուխտ արծիվն էր գալիս ձագերի մոտ: Նա ամեն տարի ձագ էր հանում բարձր ժայռի վրա, բայց վիշապը գալիս էր ուտում արծվի ձագերին, և մայր արծիվը կարոտ էր մնում, որ մի անգամ հասցնի ու թռցնի կամ գոնե աչքով տեսնի իր թշնամուն: Այս անգամ հեռվից նկատեց, որ մի սև բան ընկած է ծառի տակին: Ծվաց ու վրա տվեց, որ ծվիկ-ծվիկ անի քնած Արեգին: Ձագերը բնից ծլվլոցը կապեցին, թե` դրան վնաս չտաս, այ մեր. դա մեր փրկիչն է: Նայիր էն կողմը. վիշապն ուզում էր մեզ ուտել, դա սպանեց ու էնտեղ թափեց վիշապին: Զմրուխտ արծվի ծղրտոցից վեր թռավ Արեգը: Վեր նայեց, տեսավ Զմրուխտ արծվի կապույտ թևերը` իր գլխի վերևը փռված, տարածված մութ աշխարհքով մեկ, ու սարսափեց:
— Մի վախենար, քաջ տղա,- ձայն տվեց Զմրուխտ արծիվը,- դու իմ անմեր-անօգնական ճուտերին ազատել ես էս գարշելի վիշապից, սրանից հետո իմ ճուտերին վնաս չկա: Ասա տեսնեմ` ինչ կուզես ինձանից, որ քեզ տամ:
— Ինձ էս մութ աշխարհքից հանի լուս աշխարհք,- խնդրեց Արեգը:
— Մութ աշխարհք ընկնելը հեշտ է ու կարճ, դուրս գալը դժվար է ու երկար, բայց քո արած լավությունը չափ չունի: Դե արի թևս, նստիր մեջքիս ու ամուր բռնվիր,- ասաց Զմրուխտ արծիվն ու Արեգին առավ, ծվաց, թռա¯վ վե¯ր, վե¯ր ու մութ աշխարհքից դուրս հանեց Արեգին : Արեգը լուս աշխարհ դուրս եկավ, շնորհակալություն հայտնեց, մնաս բարով արեց Զմրուխտ արծվին ու ճամփա ընկավ դեպի իր հոր թագավորությունը: Ճանապարհին մի աղքատ մարդու հանդիպեց, իր լավ շորերը տվեց աղքատին, աղքատի շորերը հագավ ու էդպես ծպտված մտավ հոր քաղաքը: Գնաց մի անշուք տան դուռը ծեծեց: Դուռը բաց արեց մի պառավ:
— Նանի, օտարական եմ, տեղ կտա՞ս քնելու,- խնդրեց Արեգը:
— Արի, ներս արի, որդի,- ասաց պառավը,- ես էլ որդի չունեմ, դու ինձ որդի կլինես, ես էլ քեզ` մեր: Արեգն էդ գիշեր պառավ նանից իմացավ, որ Հազարան Հավքը բերել են, բայց չի երգում, ասում են, թե Հավքը տեր ունի, տերն էլ պետք է գա, որ երգի: Լուսաբացին Արեգը տանից դուրս եկավ, գնաց քաղաքում ման եկավ, մի հացթուխի մոտ գործի անցավ, դարձավ հացթուխ:

Leave a comment