
Պարարտանյութերն օրգանական և անօրգանական նյութեր են, որոնք օգտագործվում են բույսերի սննդառությունը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով: Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում նրա սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկաքիմիական ու կենսաբանական հատկությունները: Ըստ ազդեցության բնույթի` պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա) և անուղղակի (բարելավում են հողի հատկությունները և կուտակում սննդանյութեր), ըստ բաղադրության` օրգանական և հանքային:
Հանքային պարարտանյութերն անօրգանական նյութեր են, որոնք ներգործում են հողի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա:
Մանրէային պարարտանյութերը սննդարար միջավայրից և հողային միկրոօրգանիզմների մաքուր մանրէախմբից կազմված պատրաստուկներ են, որոնք հարստացնում են հողի արմատամերձ շերտը, բարելավում բույսերի աճման ու զարգացման պայմանները։