Posted in Հայրենագիտություն

Շաքի ջրվեժ,Որոտնավանք

Որոտնավանք

Որոտնավանք (Վաղատնի վանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանի Սյունիքի մարզում։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։

Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը։

Շաքի ջրվեժ

Շաքիի ջրվեժ, Շաքե, Շաքի, ջրվեժ Հայաստանի Սյունիքի մարզում, Շաքի գետի վրա, Որոտանի կիրճում, Շաքի գյուղից ներքև, 1 կմ հարավ, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 15-17 մ է։

Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Գեղատեսիլ է։ Գետի ջրի մեծ մասը տարված է Շաքիի ՀԷԿ, ջրվեժով թափնում է նրա փոքր մասը։

Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Leave a comment