Նախերգանք
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։
Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։
Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։
I
Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։
— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։
— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։
Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։
Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։
Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննկուն,
Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։
Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։
Առաջադրանքներ՝
- Նախերգանքը ուշադիր կարդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:
Մարդու բարի գործն է միշտ անմահ։
- Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ երկրի թագավորն է եղել:
Նադիր Շահը եղել է Պարսկաստանի թագավորը։
- Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:
Թաթուլը պատասխանել է՝ «…եթե իմ զարկածն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, այդ չգիտեմ»։