Posted in Հայրենագիտություն

Մարմաշենի վանք, Երերույքի տաճար,Յոթ վերք,Մաստարա,Գյումրի

Եղանակն՝ այստեղ

ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության ծառայության

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։


Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և երջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։  Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Երերույքի տաճար
Երերույքը հին հայկական եկեղեցի է, որը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին՝ Անիպեմզա գյուղի մոտ (Շիրակի մարզ): Այն եռանավ բազիլիկա է, որը կառուցվել է 4-5-րդ դարերում՝ հեթանոսական խորանի տեղում: Տաճարը կառուցվել է բաց նարնջագույն տուֆից և կանգնած է եղել 6 սյուների վրա: Այժմ եկեղեցին կիսավեր է:

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է «երերալ» բառից, քանի որ հեռվից թվացել է, թե սյուների վրա կանգնած տաճարը երերում է։ Եկեղեցու «երերացող» շենքը հայ ճարտարապետության պատմության արժեքավոր նմուշներից մեկն է: Մասնագետները կարծում են, որ այն միջնադարյան Հայաստանի ամենամեծ եկեղեցին էր:

Այն ժամանակին շրջապատված է եղել պարիսպներով: Ստորգետնյա անցումները տարել են դեպի ընդարձակ սենյակներ, որտեղ լույսի մուտքն ապահովվել է երդիկների միջոցով։

Երերույքը վաղ քրիստոնեական շինություն է, որն իր մեջ ներառում է անտիկ ճարտարապետության ավանդույթներ: Եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում՝ ենթադրաբար հեթանոսական տաճարի տեղում: Հետաքրքիր և, միևնույն ժամանակ, տարօրինակ է այն, որ պատմիչներից ոչ մեկի մոտ եկեղեցու մասին որևէ հիշատակություն չի հանդիպում։

Այս առեղծվածային կառույցի մասին եզակի արձանագրություններից մեկը պահպանվել է եկեղեցու մուտքերից մեկի ձախ կողմում: Գրառման մեջ նշվում է Բագրատունյաց թագավորներից մեկի կինը, ով նվիրատվություններ է արել տաճարի վերանորոգման համար:

Ինչպես նշվեց վերևում, շենքը կանգնած է աստիճանավոր պատվանդանի վրա (5-7 աստիճան)։ Աստիճանները շրջապատում են շենքը չորս կողմից: Դրանք տարել են դեպի տաճարի արտաքին կամարակապ սրահները: Շինությունն ունի երկու մուտք՝ երկուսը հարավից և մեկ մուտք արևմուտքից, որը տանում է դեպի գլխավոր սրահ: Պատվանդանի աստիճանները կառուցվել են մեծ քարերից, որոնք այժմ կիսաքանդ են: Սյունաձև դահլիճները նույնպես քանդված են և առանց տանիքների:

2011 թվականին կատարված պեղումների ժամանակ նկատվել է վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ։ Հայտնաբերվել է շատ ընդարձակ մի դամբարանադաշտ, որտեղ 7-8 պատվանդան է կառուցված։ Գերեզմանադաշտի և բազիլիկայի ժամանակագրական և ֆունկցիոնալ կապն անհայտ է: Տարօրինակն այն է, որ բազմաթիվ նորածին երեխաներ են հայտնաբերվել դաշտում թաղված:

Հնագետները կարծում են, որ դա կարող է կապված լինել որևէ անհայտ համաճարակի հետ, կամ էլ այն բանի, որ տաճարը նվիրված է եղել Սուրբ Հովհաննես Մկրտիչին, և մարդիկ եկեղեցու մոտ են թաղել դեռևս մկրտություն չստացած նորածիններին՝ նրանց հոգիները փրկելու համար։

Երերույքի տաճարի հարավային պատին փորագրված է հունարեն արձանագրություն: Գրությունը մեջբերված է սաղմոսից. «Քո տանը վայելուչ է սրբությունը, ով Տէ՛ր, երկայն օրերով»:

1995 թ.-ին Երերույքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Գյումրի

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրի գետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ` քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:

Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:

Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:

Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:

Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը` տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:

Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:

Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:

* * *

Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար` Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:

Յոթ վերք

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են`

Մաստարա

Սուրբ Հովհաննես եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է Հայաստանի Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում, միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը։ Եկեղեցին առանձնանում է իր ճարտարապետական ոճով և նրա նման եկեղեցիներին կոչում են «մաստարայատիպ» եկեղեցիներ։

Եկեղեցու աղոթասրահը քառանկյունի է (12 մ X 11,20 մ), անկյուններում ձգված հսկա տրոմպներն այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարքի տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով, դառնալով գմբեթի հիմքը։ Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ։ Արևելյան խորանի երկու կողմում, խորանի ծավալից զգալի ցածր, փոքր սենյակներ են։

Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ (նախնականը եղել է կղմինդրյա, կորագիծ նկարվածքով), ունի մուտքեր արևմտյան և հարավային խորաններից, ութ լուսամուտ թմբուկի, ինը՝ աղոթարանի ծավալի վրա։

Սուրբ Հովհաննես եկեղեցին բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ, առավել ամբողջական է, ընդարձակ, գմբեթի և ցածի ծավալների կատարյալ հավասարակշռությունն աղոթարանի կերպարին հաղորդում է վեհ անդորրություն, իսկ լայնաթոիչք գմբեթն ու այն կրող զորեղ տրոմպները՝ հզորություն և առնականություն։ Եկեդեցու կառուցվածքը պլաստիկ մակերեսներով ստեղծված մոնոլիտ համակարգ է՝ իրականացված քարով, աշխատում է որպես շրջված զանգ, որի ծանրության կենտրոնը բարձրության 1/3-ի վրա է։ Կառուցվածքի այս համակարգով է պայմանավորված եկեղեցու բացառիկ կայունությունն ու սեյսմակայունությունը, որը միաժամանակ նրա գեղարվեստական արտահայտչականության հիմնական միջոցն է։ Մաստարայատիպ են Ոսկեպարի (6-րդ դ.), Արթիկի Մեծ (7-րդ դ.), Հառիճի վանքի (7-րդ դ.) և Կարսի Առաքելոց (10-րդ դ.) եկեղեցիները։

Leave a comment