Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:
Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները:
Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝
Ջրի քայքայումը
Ջուր → ջրածին + թթվածին
2H2O→2H2+O2

Կրաքարի (կավճի) քայքայումը:
Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ
CaCO3→CaO+CO2
Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
Միացման ռեակցիայի օրինակ է՝
Երկաթի սուլֆիդի առաջացումը.
Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ
Fe+S→FeS