Posted in Տեխնոլոգիա կենդանիների խնամք

Գերմանական հովաշունի մասին

Գերմանական հովվաշուն, ընտանի շների ցեղատեսակ։ Սկզբնապես օգտագործվել է ոչխարի հոտը հսկելու և ծառայողական նպատակներով։ Ցեղատեսակը ստացվել է Գերմանիայում` սելեկցիայի և մի քանի ցեղատեսակների խաչասերումից։ Մեծ Բրիտանիայում հայտնի է Էլզասյան գայլաշուն անունով։ Տարբերում են երկու ենթատեսակ` երկարամազ և կարճամազ։

1899 թվականին Գերմանական հովվաշունը առաջին անգամ պաշտոնապես ցուցադրվել է համագերմանական շների ցուցահանդեսում։ Սկզբում նպատակը զուտ հովվաշուն ստեղծելն էր։ Սակայն հաշվի առնելով շան ֆիզիկական և հոգեկան որակները, ինչպես նաև բնավորության գծերը, որոշվել է օգտագործել նաև այլ ոլորտներում։

1901 թվականին զանազան փորձարկումներ և հատուկ վարժանքներ անցնելուց հետո, Գերմանական հովվաշները սկսեցին ծառայել ոստիկանությունում։ 1914 թվականին Գերմանական հովվաշան ցուցադրական հնարավորությունները հիմք հանդիսացան նրա բանակում ընդգրկվելուն։

Գերմանական հովվաշները մասնակցություն են ունեցել Համաշխարհային երկու պատերազմներում ` մարտնչող բոլոր բանակների կազմում։

Գերմանական հովվաշունը ծառայողական շուն է, հավասարակշռված և ընդունակ զանազան վարժեցումների։ Հավատարիմ է, անվախ և աչալուրջ։ Ունի սուր հոտառություն և ցանկացած արտաքին շեղող հանգամանք չի կարող նրան խանգարել հետքի վրա ընկնելու, պայթուցիկներ, թմրանյութեր, դիակներ որոնելու ժամանակ։

Հատկապես առավել հաջողակ է մեկ տիրոջ առկայության դեպքում։ Գերադասելի կողմերից մեկն այն է, որ թեթև է տանում տիրոջ փոփոխումը և նույն եռանդով աշխատում է նոր տիրոջ հետ։ Դա հատկապես կարևոր է պարեկային ծառայության ժամանակ, երբ նրան ուղեկցող ծառայողները կարող են անընդհատ փոփոխվել և նա կկատարի յուրաքանչյուրի հրամանը։ Չնայած այս հանգամանքը այնքան էլ ձեռնտու չէ տնային պայմաններում։

Posted in Տեխնոլոգիա կենդանիների խնամք

Ռոթվայլեռի մասին

Ըստ Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի դասակարգման` միջին և խոշոր չափերի ցեղատեսակ է։ Գերմաներենում ցեղատեսակն անվանում են Ռոթվայլական մսագործաշուն, քանի որ հնում այն օգտագործվում էր որպես հովվաշուն, և մորթած միսը շնասայլակով շուկա հասցնելու համար։ 18-19-րդ դարերում ցեղատեսակը շարունակում էր ներմարզային տարածում ունենալ։ Սակայն 19-րդ դարի կեսերից, երբ երկաթգիծը սկսեց օգտագործվել անասուններին և միսը տեղափոխելու համար` ռոթվայլերները կորցրին իրենց առաջվա դերը, բայց 1910 թվականից ցեղատեսակը մեծ ճանաչում ստացավ որպես զինվորական և ոստիկանական շնատեսակ։ Ներկայում ռոթվայլերներն օգտագործվում են որպես փրկարարական և չտեսնողների ուղեկցող շներ, պահակաշներ և ոստիկանական շներ։Ռոթվայլերն հովվաշան ամենահին ցեղատեսակներից է։ Որոշ ուսումնասիրողներ շնատեսակի պատմությունը հասցնում են Հռոմեական կայսրության ժամանակաշրջան և այն ծագած են համարում հռոմեական մասթիֆից. հռոմեական հսկա բանակների համար մշտապես թարմ մսի ապահովման համար նրանք իրենց հետ տանում էին նաև նախիրներ։ Հռոմեական հովվաշներն օգտագործվում էին մինչև 3-4-րդ դարերը, երբ շվաբացիներն արդեն վտարել էին հռոմեացիներին։

Posted in Տեխնոլոգիա կենդանիների խնամք

Հասկիների մասին

Սիբիրյան հասկի  շան ցեղատեսակ, որը գրանցվել է ամերիկացի կինոլոգների կողմից 20-րդ դարի 30-ական թվականներին։Ռուսական Հեռավոր Արևելքի այս շնատեսակը հանդիսանում է շան ամենահին ցեղատեսակներից մեկը։

Հասկի» եզրույթը (խեղաթյուրված «էսկի») ի սկզբանե նշանակում էր էսկիմոս։ Արդյունքում այդ անվանումն ամրացավ էսկիմոսյան հասկիների համար։ Դրանք խիտ մազածածկոցով, սուր մռութով, բարձր ականջներով և ուղիղ պոչով շներ են։ Երբ չուկոտյան շների առաջին ներկայացուցիչները ժամանեցին Հյուսիսային Ամերիկա, էսկիմոսյան հասկիներից նրանց տարբերելու համար հասկիներին սկսեցին անվանել սիբիրյան հասկի, և այդ անվանումը պահպանվել է մինչ օրս։

Շունը շատ լավ է աշխատում լծասայլում, հեշտությամբ տեղափոխում է ոչ ծանր բեռներ։ Այս շները շատ դիմացկուն են, որձերն արտաքնապես տարբերվում են էգերից հզոր ոսկրերով և մարմնի համամասնություններով։ Էգերի ողնաշարն ավելի նուրբ է, սակայն նրանց չի կարելի ավելի թույլ համարել։ Այս ցեղատեսակի շներին ճիշտ կերակրելու դեպքում նրանք ավելորդ քաշ չեն ունենում։

Ստանդարտի համաձայն, սիբիրյան հասկիի գունավորումը կարող է լինել գրեթե ամեն տեսակի՝ սևից մինչև սպիտակ, ամբողջ մարմնի վրա նշաններով ու գծերով։ Առավել տարածված է համարվում սպիտակասև և մոխրասպիտակ գունավորումը։ Հազվադեպ հանդիպում է նաև շագանակասպիտակ ու գունատ դեղին, պիբոլդ (բծավոր) գունավորումը։ Ամբողջովին սև, շագանակագույն (առանց սպիտակի) և սպիտակ գունավորումները խիստ հազվադեպ են, բայց չեն հանդիսանում ցեղատեսակին չվերաբերող։ Բնորոշ, սակայն ոչ պարտադիր հատկանիշ է հանդիսանում աչքերի շուրջ դիմակի (սև կամ սպիտակ) և քթի մոտ կրկնակի ուղղահայաց գծերի առկայությունը։