Գառնի տաճար
Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։
Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։

Գառնի քարերի սիմֆոնիա
Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։
Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

Գեղարդի վանք
Գեղարդի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում եղել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին վանքը հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին:Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:Վանական համալիրի «Այրիվանք» անվանումը տրվել է կառույցին 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով։Մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով հարկ եղավ Գեղարդը Էջմիածնից տեղափոխել ավելի ապահով, թշնամուց հեռու մի վայր, որտեղ պահվեց մինչև 19-րդ դարը։ Մարդիկ Այրիվանք ուխտ գնալիս, ուղղակի ասում էին. «Գնում ենք ս. Գեղարդ՝ ուխտի» կամ «Գնում ենք Գեղարդավանք»։


